Story Photo

Ավելի շատ աղջիկներ ՏՏ ոլորտում․ Together4Armenia-ի ամերիկահայ փորձագետի ներդրումը

Երբևէ կմտածեի՞ք, որ Հայաստանում ամենադինամիկ զարգացող ոլորտում՝ ՏՏ-ում, կանանց ներգրավվածությունն աշխարհում ամենաբարձրերից է: Այն կազմում է 32 տոկոս, ինչն ավելի բարձր է, քան Եվրոպական միությունում, ԱՄՆ-ում և Կանադայում:

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանբ` ստեղծելով հավասար աշխատանքային հնարավորություններ երիտասարդներին համար: ՀԿ-ի ծրագրերը 10-18 տարեկան աղջիկների համար լուրջ հեռանկարներ են ստեղծում. այստեղ նրանք սովորում են մրցունակ ՏՏ պրոդուկտներ մշակել և ներկայացնել դրանք շուկայում։

Այս կարևոր գործում կազմակերպությանն իր մասնագիտական հմտություններով և փորձով օգնության ձեռք է մեկնել ամերիկայ Րաֆֆի Սիմոնյանը, ով ՏՏ ոլորտում հարուստ փորձ ունի որպես ծրագրավորող։ Հետաքրքվում է նաև ՏՏ ծրագրերի կառավարմամբ և բիզնեսի կազմակերպմամբ։

«Թավշյա հեղափոխությունից հետո էր, երբ էլեկտրոնային նամակ ստացա ու տեղեկացա Together4Armenia-ի միջոցով Հայաստանում խորհրդատվություն տրամադրելու հնարավորության մասին»,- պատմում է Րաֆֆին։

Together4Armenia հարթակը արագ ու արդյունավետ կապ է ստեղծում արտերկրի հայ մասնագետների և տեղական հաստատությունների ու համայնքների միջև։ Այս անգամ ևս այն նպաստեց, որ Րաֆֆիի հետաքրքությունը արագ վերածվի գործի։

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի նախագահ Նարինե Աբազյանը պատմում է, որ Րաֆֆիի հետ արդեն ունեցել են մի քանի առցանց քննարկումներ, որոնք օգտակար են եղել կազմակերպության հետագա գործունեության համար։

«Մենք ներկայացրինք մեր աշխատանքները, իսկ Րաֆֆին նշեց, թե ինչով կարող է օգտակար լինել։ Նա նաև վիկի տիրույթում տարածք է բացել, որպեսզի այնտեղ վերբեռնենք մեր տրամադրության տակ եղած նյութերը և կարողանանք միասին աշխատել։ Սա կարևոր է մեր անցյալի փորձառությունը վերանայելու և հետագայում սխալները կանխելու համար»,- պատմում է Նարինեն։

«Իմ դերն, ըստ էության, կայանում է նրանում, որ օգնեմ այս կարևոր նախաձեռնությանը գտնել միջազգային դրամաշնորհներ, որպեսզի այն կարողանա իր առօրյա գործունեությունը ծավալել և վճարել գույքի և ծառայությունների համար»,- ասում է Րաֆֆին։

Ներկայումս կազմակերպությունը Րաֆֆիի խորհրդատվությամբ աշխատում է մշակման փուլում գտնվող մի ծրագրի վրա, որը թույլ կտա աղջիկներին նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից այլ ոլորտներում։

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցելու է «Տեխնովացիա Հայաստան» մրցույթին, որը Technovation միջազգային մրցույթի մաս է կազմում։ Մրցույթի նպատակն է մասնակիցներին ոգեշնչել, որպեսզի նրանք նորարարության միջոցով օգնեն լուծել իրենց համայնքներում առկա խնդիրները` մասնավորապես բջջային հավելվածներ ստեղծելով։ Րաֆֆին ցանկություն է հայտնել լինել «Տեխնովացիա Հայաստան» մրցույթի ժյուրիի անդամ։

Ուրախալի է և հուսադրող, որ նման կարևոր նախաձեռնությունները մասնագիտացված հարթակների շնորհիվ իրենց հասցեական արձագանքն են գտնում արտերկրի հայ փորձագետների շրջանում։ Հուսանք, որ նման նախաձեռնությունները կլինեն վարակիչ ինչպես փորձագետների, այնպես էլ տեղական կազմակերպությունների համար։

Share this article on:

Together 4 Armenia 2015-2017
Together4Armenia 2018-2019 All Rights Reserved