Story Photo

Արմեն Մինասյանի դասախոսությունը որոշումների կայացման մասին

Մեծ ուրախություն ապրեցինք, երբ իմացանք, որ պարոն Արմեն Մինասյանը՝ Հայաստանի «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի ծրագրերի կառավարման փորձառու դասընթացավարը, ով նաև տաղանդավոր ճարտարապետ է, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսոր և մի շարք տեղական ու միջազգային մրցանակների դափնեկիր, համաձայնել է հանդես գալ որպես կամավոր և իր գիտելիքները կիսել Հայաստանի համայնքների հետ Together4Armenia հարթակի շրջանակներում:

Այսպիսով՝ փետրվարի 3-ին պարոն Մինասյանի հետ միասին ուղևորվեցինք դեպի Շիրակի մարզի վարչական կենտրոն Գյումրի քաղաքը: Շիրակի պետական ​​համալսարանի մեծ դահլիճում նրան էր սպասում ավելի քան 150 հոգուց բաղկացած լսարանը: Եկել էին մեծ ու փոքր, նրանց մեջ կային ՔՀԿ ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ և քոլեջների ու բուհերի ուսանողներ: Պարոն Մինասյանն անցկացրեց «Ղեկավարման և որոշումների կայացման» վերաբերյալ դասընթաց՝ շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ղեկավարման տեսակները, որոշումների կայացման գործընթացի ձևերն ու մեխանիզմները՝ պարբերաբար բերելով օրինակներ սեփական փորձից: Դասընթացն անցավ հետաքրքիր քննարկումներով մի շարք թեմաների շուրջ, ինչպես օրինակ՝ ղեկավարի և «բոսի» միջև տարբերությունը, ղեկավար լինելու դժվարությունները, որոշումների կայացման մեջ երկուստեք շահավետության մոտեցումը և փոփոխություններին հարմարվելու կարևորությունը: Դատելով լսարանի հարցերից ու վարքից՝ թեման ճիշտ էր ընտրված և ներկաների մոտ պահանջարկ էր վայելում։

«Ճակատագիրը մեզ հասցրել է աշխարհի այս մասը, որտեղ ունենք Հայաստանի ժողովրդի հետ կիսելու արժանի փորձ, և, իհարկե, մենք էլ պետք է օգտվենք տեղացիների փորձից», - ասաց պարոն Մինասյանը դասընթացից հետո կայացած հարցազրույցի ժամանակ:

Ստորև կարող եք դիտել պարոն Մինասյանի հանդիպման մասին պատմող տեսաֆիլմը Գյումրի քաղաքում:

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: