Մեր հերթական, բայց ոչ սովորական փորձագետը

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին մեր ծրագրի փորձագետներից էր Ղազար Հակոբյանը: 1 տարի առաջ «Միասին հանուն Հայաստանի» հարթակի շրջանակում մենք համագործակցել էինք Ղազարի հետ, և ամիսներ հետո կրկին ուրախ էինք ստանալ նրա համաձայնությունը և հյուրընկալել նրան մեր թիրախային համայնքներում:

 

Ղազարը թեև մեր հարթակի հերթական, բայց միանշանակակ ոչ սովորական փորձագետներից է: Լինելով ազգությամբ հայ՝ նա ապրել ու աշխատել է տարբեր երկրների երիտասարդների հետ՝ առողջ ապրելակերպի խթանման և Street Workout սպորտաձևի զարգացման բնագավառում: Սակայն մի քանի տարի առաջ որոշել է վերադառնալ և հաստատվել հայրենիքում՝ զգալով հայ երիտասարդների հետ աշխատելու և սպորտի ու  առողջ ապրելակերպին ուղղված դասընթացների միջոցով նրանց զարգացնելու կարիքը: Այսօր Ղազարը Street Workout հայաստանյան ֆեդերացիայի և Run Armenia նախագծի հիմնադիր նախագահն է: Իր տեղափոխվելուց ի վեր նա հասցրել է կազմակերպել 600-ից ավելի միջոցառումներ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում՝ ուղղված բակային մարզումների և մասսայական սպորտի խթանմանը: 

 

Այս անգամ Ղազարը մեր հետ միասին ուղևորվեց Գավառ քաղաք: Այնտեղ նրան էին սպասում Գավառի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ակտիվ երիտասարդները, կամավորները, հասարակական այլ կազմակերպություններից ներկայացուցիչներ: Նա մոտիվացիոն սեմինար անցկացրեց հավաքված երիտասարդների համար՝ ներկայացնելով իր հիմնած Street Workout և Run Armenia նախագծերի հաջողության պատմությունը, խոսելով երիտասարդների հետ աշխատանքի իր փորձի մասին ու ցույց տալով օրինակներ, թե ինչպիսի զարգացման հնարավորություններ է ստեղծել սպորտը հայ երիտասարդների համար: Ղազարը պատմեց, որ նպատակ ունի մինչ 2018 թվականի վերջը կառուցել 25 մարզահրապարակներ, որոնցից մեկը կլինի Գավառում: Հավաքված երիտասարդների ոգևորությունն այնքան մեծ էր, որ նրանք Ղազարի հետ տեղում քայլեցին ու ընտրեցին մարզահրապարակի կառուցման համար ամենանպատակահարմար վայրը, քննարկեցին ֆինանսական և կազմակերպչական այլ հարցեր, փոխանակվեցին իրար հետ կապ հաստատելու տվյալներով: Այսպիսով, մեզ մնում է միայն սպասել և շուտով տեսնել այս համագործակցության գեղեցիկ արդյունքը:

 

Հաջորդ քաղաքը, ուր ուղևորվեցինք Ղազարի հետ միասին, Լոռու մարզկենտրոնն էր՝ Վանաձորը: Վանաձորի #11 ավագ դպրոցում էին հավաքվել դպրոցի աշակերտները, ուսուցիչները, տնօրենը, Վանաձորի փոխքաղաքապետը, մշակույթի բաժնի պետը, ավագանու անդամները: Առաջին իսկ պահից, երբ Ղազարը իրեն հատուկ դինամիկայով և ոգևորությամբ սկսեց խոսել առողջ ապրելակերպի կարևորության ու առավելությունների մասին, նա գրավեց իր լսարանի ուշադրությունը՝ մեծից փոքր: Պատմեց, ինչպես է վերադարձել Հայաստան, և թե ինչքան կարևոր է իր համար հայ երիտասարդներին խելացի և մարզված տեսնելը: Նա ցուցադրեց դպրոցականների մասնակցությամբ Street Workout և Run Armenia նախաձեռնություններից տեսահոլովակներ՝ կոչ անելով երիտասարդների լինել ակտիվ, մասնակցել սպորտային միջոցառումներին ու չանտեսել սպորտով զբաղվելու կարևորությունը: Ներկաների ոգևորությունը բառերով նկարագրելու փոխարեն կարող եք դիտել Street Workout Armenia թիմի կողմից արված լուսանկարներն ու ֆիլմը՝ Վանաձորում նրա հանդիպումից: 

 

Terms of Use - Privacy Policy